Արա Ս. ԱՇՃՅԱՆ
Հայաստանում հաստատված իրաքահայ
ճարտարագետ
Բարաք Օբամայի ԱՄՆ-ի նախագահ ընտրվելը նոր հույս բերեց աշխարհասփյուռ հայությանը, որ ԱՄՆ-ի մեկ այլ նախագահ կարող է ճանաչել հայկական ցեղասպանությունը` կատարելով իր նախընտրական խոստումը: ԱՄՆ-ի նախագահ Ռոնալդ Ռեյգանը 1981թ. եւ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների Պալատը երկու անգամ (1975 եւ 1984թթ.) ճանաչեցին հայկական ցեղասպանությունը: Այնուամենայնիվ, հայկական ցեղասպանության պատմական փաստը կարիք չունի այնպիսի հաստատման, որը չի պարտավորեցնի Թուրքիային ընդունել այն:Ամեն ինչ արագ է փոփոխվում այս աշխարհում: Հավերժական դաշնակիցներ եւ շահեր գոյություն չունեն: ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները փոխվել են Իրաքի զավթումից հետո` 2003թ.: Թուրքիա-Իսրայել հարաբերությունները եւս փոխվել են Գազայի ռազմական գործողություններից հետո: Թուրքերն իրենք ընդունում են, որ ԱՄՆ-ի այս վարչակազմը երբեւիցե եղած ամենապրո-հայկական վարչակազմն է: Եկեք մի հայացք նետենք հայկական ցեղասպանության ճանաչման պատմության եւ այն հաջողությունների վրա, որոնք ձեռք է բերել հայկական հարցը վերջին 40 տարիների ընթացքում և դասեր քաղենք դրանցից: Հայերի ջանքերը պետք է կենտրոնացնել ցեղասպանության ճանաչման, իրենց կրած վնասների փոխհատուցման, ինչպես նաեւ հայերի պատմական հողերի վերադարձի վրա: Ցեղասպանության ճանաչումը միայն բավարար չէ: Միեւնույն ժամանակ, բոլոր հայերը մասնակցելու են Հայաստանի տնտեսության հզորացմանը, ինչպես նաեւ ազատագրված Արցախի հանրապետության պահպանմանը: Սփյուռքահայերը պետք է նաեւ ուշադրություն դարձնեն մեկ այլ հիմնահարցի վրա` պահպանել մեր լեզուն եւ ինքնությունը: Սփյուռքի նախարարությունն աջակցելու է այս նպատակի իրականացմանը: Հայաստանի կառավարությունը պետք է առաջնահերթորեն զբաղվի սփյուռքահայերի հայրենադարձվելու հարցով:Կարծում եմ, որ հայկական ցեղասպանությունը ԱՄՆ-ի նախագահի կողմից երկրորդ անգամ ճանաչելը չի վնասի ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններին: Ոչինչ չպատահեց, երբ ԱՄՆ-ի նախագահ Ռեյգանը 1981թ. ճանաչեց հայկական ցեղասպանությունը: Թուրքիան նորից «կզգուշացնի» եւ «կսպառնա», բայց ոչինչ չի փոխվելու: Այստեղ վերհիշենք ինչ պատահեց, երբ Ֆրանսիան, Գերմանիան եւ այլ եվրոպական երկրներ, որոնք սերտ հարաբերություններ ունեն Թուրքիայի հետ, ճանաչեցին հայկական ցեղասպանությունը:2009թ. ապրիլի 8-ին Թուրքիայի վարչապետ Էրդողանը հաստատեց, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է լուծել նախքան Թուրքիա-Հայաստան հարաբերությունների լիիրավ հաստատումը: ՀՀ արտգործնախարար Նալբանդյանն այս հայտարարությունը նկատեց որպես բանակցություններից արագընթաց փախուստ:«Թուրքիան մի շարք նախապայմաններ է դնում, ընդ որում` հայկական ցեղասպանության միջազգային ճանաչման պահանջից հրաժարում եւ ԼՂՀ հարցի կարգավորում` Ադրբեջանի թելադրած պայմաններով: Սրանք մենք երբեք չպիտի զոհենք հանուն կապերի նորմալացման: Թուրքիան եւ Ադրբեջանը քաջատեղյակ են այս բանից», ասաց ՀՀ նախագահը:Քաղաքական վերլուծաբանները կարծում էին, որ Թուրքիան կսպասի մինչեւ ապրիլի 24-ը` տեսնելու, թե արդյոք ԱՄՆ-ի նախագահ Օբաման կօգտագործի ցեղասպանություն տերմինը` ապրիլի 24-ի իր առաջին ելույթում: Վերլուծաբաններն ենթադրում էին, որ Թուրքիան այնուհետեւ որոշելու է իր հետագա քայլերը Հայաստանի նկատմամբ. բացել 1993թ. իր կողմից փակված սահմանը եւ հաստատել դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի հետ:Վերջին զարգացումները ցույց են տալիս, որ թուրք պաշտոնատարները ԱՄՆ-ի նախագահ Օբամայի` Թուրքիա կատարած այցից ու հայկական ցեղասպանության մասին արած դիտողություններից հետո եզրակացրեցին, որ Օբաման կօգտագործի ցեղասպանություն տերմինը` ապրիլի 24-ի իր ելույթում: Սա ցույց է տալիս, որ Թուրքիան իր արտաքին քաղաքականության ոլորտում ելնում է ոչ թե իր ազգային շահերից, այլ արտաքին դրդապատճառներից:
http://www.analyticon.org/news/2009-04-06-77
0 comments:
Post a Comment